Իսրայելի խորհրդարանը չեղարկել է Արևմտյան ափից հրեական չորս բնակավայրերի տարհանման ծրագիրը
Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) այսօր ընդունել է օրենք, որը չեղյալ է համարում Հորդանան գետի արևմտյան ափից չորս հրեական բնակավայրերի տարհանումը, որը պետք է տեղի ունենար նախկին վարչապետ Արիել Շարոնի (1928-2014) 2005 թ.-ի սահմանազատման ծրագրի շրջանակներում:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Իսրայելի պետական Kan ռադիոկայանի տվյալներով՝ Հորդանան գետի արևմտյան ափին սահմանազատման ծրագրի իրականացման մասին օրենքին երկրորդ և երրորդ (վերջնական) ընթերցմամբ կողմ Է քվեարկել 31 պատգամավոր, դեմ՝ 18-ը։ Փաստաթուղթը վերաբերում է միայն 18 տարի առաջ տարհանված Արևմտյան ափի հյուսիսում գտնվող Գանիմ, Կադիմ, Սանուր և Հոմեշ բնակավայրերին և չի վերաբերում իսրայելական քաղաքացիական և ռազմական կառույցներին, որոնք հենց այդ ժամանակ Շարոնի կողմից ամբողջությամբ դուրս Էին բերվել Գազայի հատվածից։
2005 թվականի օգոստոսին և սեպտեմբերին Իսրայելը, նախկին վարչապետի ծրագրի համաձայն, Գազայի հատվածից տարհանել Էր իսրայելական բոլոր բնակավայրերն ու ռազմական կառույցները, ինչպես նաև դուրս Էր բերել չորս բնակավայրերը Արևմտյան ափի հյուսիսային մասից։
18 տարի շարունակ իսրայելցիներին արգելված Էր մուտքն այդ չորս բնակավայրեր, որոնցից երկուսը գտնվում են պաղեստինյան Ջենին խոշոր քաղաքից 1 կմ հեռավորության վրա։ Ինչպես նշում է ռադիոկայանը, այժմ այդ արգելքը հանվել է, բայց այս բնակավայրերում շինարարության վերսկսման համար անհրաժեշտ կլինի Իսրայելի ռազմական իշխանությունների և Արևմտյան ափի քաղաքացիական վարչակազմի թույլտվությունը: