Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է կազմել՝ դատապարտելով Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականի վերջին հայտարարությունները: Լուիս Բոնոն մարտի 8-ին տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ հիմա «պատժամիջոցների ժամանակը չէ»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Ադամ Շիֆը ստորագրություններ է հավաքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նամակի համար: Նամակի հեղինակները և Հայ դատի հանձնախումբը դատապարտելի են համարում այն, որ ԱՄՆ պաշտոնյան բացառել է պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ, որն արդեն երեք ամիս Արցախում շրջափակման մեջ է պահում 120 հազար հայերի: Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի՝ ԱՄՆ դիվանագետի կողմից նման հայտարարությունը հաստատում է, որ երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կոնկրետ գործողություններ չի ձեռնարկի Ադրբեջանի դեմ, և Իլհամ Ալիևը կարող է շարունակել իր հակահայկական գործողությունները:
Շիֆի նախաձեռնած նամակում, մասնավորապես, ասվում է. «Մենք խորապես անհանգստացած ենք ուղևորության ընթացքում Ձեր մեկնաբանություններից, որոնք բացառում են Ադրբեջանի դեմ տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցների կիրառումը՝ ի պատասխան նրանց ակնհայտ ագրեսիայի: Հաղորդվել է, որ դուք հայտարարել եք, որ «պատժամիջոցների ժամանակը չէ… դա այս պահին նույնիսկ քննարկման փուլում չէ»: Մինչ 120 000 անմեղ մարդիկ երրորդ ամիսն է, ինչ զրկված են իրենց հիմնական իրավունքներից Լեռնային Ղարաբաղում շրջափակման պատճառով, որն Արդարադատության միջազգային դատարանը (Համաշխարհային դատարանը) Ադրբեջանին հրամայել է դադարեցնել, հիմա ժամանակը չէ բացառելու որևէ գործիքակազմ»:
Նամակում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն, ԱՄՆ նախագահը, ԱՄՆ պետքարտուղարությունը և ամբողջ վարչակազմը պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, այդ թվում՝ դադարեցնեն ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառեն այդ երկրի դեմ: