ԱԹՍ-ների հարձակում կամ պայթյուն Ջանկոյում. ռուսական և ուկրաինական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ղրիմում տեղի ունեցածը
Ղրիմի Ջանկոյ քաղաքում տեղային մակարդակի արտակարգ դրություն է մտցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքային վարչակազմի ղեկավար Իգոր Իվինը հայտնել է, որ քաղաքում մարտի 20-ի երեկոյան անօդաչու թռչող սարքեր են խոցվել, մեկ մարդ վիրավորվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նաև վնասվել են էլեկտրացանցերի մի քանի օբյեկտներ: Իվինը հայտնել է, որ Ջանկոյի երկու փողոցներում հայտնաբերվել են ԱԹՍ-ների բեկորներ:
Ռուսաստանի Քննչական կոմիտեն իր հերթին հայտնել է, որ հետաքննում է դեպքի հանգամանքները։
«Նախնական տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են տնային տնտեսություն և խանութ, մեկ մարդ վիրավորվել է: Բոլոր խոցված անօդաչուների թիրախը եղել են քաղաքացիական օբյեկտները», - ասվում է Քննչական կոմիտեի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությունում:
Իսկ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «ժամանակավորապես բռնակցված Ղրիմի հյուսիսում գտնվող Ջանկոյ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացել են ռուսական «Կալիբր ՆԿ» թևավոր հրթիռներ, երբ դրանք տեղափոխվում էին երկաթուղով:
Միևնույն ժամանակ, Կիևը չի հաստատում և չի հերքում իր մասնակցությունը ենթադրյալ հարվածին:
Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը «ֆանտազիաներ» է անվանել Ուկրաինայի ռազմական հետախուզության հայտարարությունը, որ պայթյունի հետևանքով «Կալիբր» հրթռիներ են ոչնչացել։