«Մանկական Եվրատեսիլ 2013»-ի մեր մասնակցի ելույթը կլինի շոկոլադային համեղ ելույթ. Գոհար Գասպարյան
Այսօր «Մանկական Եվրատեսիլ- 2013» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի մասին: Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը և մրցույթի հայաստանյան պատվիրակությունը նոյեմբերի 24-ին կմեկնեն Ուկրաինա, որտեղ ամսվա վերջին օրը կկայանա մրցույթը: Գոհար Գասպարյանի խոսքով' դեռ պարզ չէ, թե Մոնիկան որ համարի ներքո է հանդես գալու, քանի որ դա որոշվելու է նոյեմբերի 25-ին, երբ յուրաքանչյուր մասնակից իր ձեռքով խաղարկության ժամանակ կհանի իր համարը:
Գոհար Գասպարյանի խոսքով' մրցույթը բաղկացած է մեկ փուլից և հետևաբար անցկացվելու է մեկ օր: «Մեր մասնակիցները համեղ շոկոլադային ելույթ կունենան' «Choco factory» երգով: Բեմադրությունն իրենից ներկայացնում է շոկոլադի ֆաբրիկա՝ իր բոլոր աշխատողներով»:
Մոնիկա Ավանեսյանի խոսքով' երբ Հայաստանում անցկացված նախընտրական փուլի ժամանակ հայտարարվեց իր անունը, իրենք թիմով շատ են ուրախացել: Մեկնում է հաղթելու, բայց ուրախ կլինի, որ բարձր հորիզոնականներից մեկում տեղ զբաղեցնի:
Հիմնական մրցակիցներ Մոնիկան համարում է Ռուսաստանի ու Մալթայի մասնակիցներին, քանի որ հենց նրանց երգերն է շատ հավանել: