1 տարեկան Մերի Սարգսյանը կյանքից հեռացել է իր ծնունդից օրեր անց. հորաքույրը պնդում է, որ հիվանդ երեխային պատվաստել են, բժիշկը՝ հերքում
Մերի Սարգսյանը նոյեմբերի 11-ին, երբ ընդամենն օրեր առաջ՝ հոկտեմբերի 29-ին էր լրացել նրա 1 տարին, կյանքից հեռացավ: Փոքրիկի մահվան իրական պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն փոքրիկի հորաքույրը՝ Անի Գրիգորյանը, պնդում է, որ Մերին ոչ առողջ վիճակում է եղել և նրան պատվաստել են: Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Անի Գրիգորյանը:
Հորաքույրը պատմեց, որ 7 ամսեկանում երեխային կանչել են պատվաստելու ու քանի որ երեխան ատամ հանելու պրոցեսի մեջ է եղել, հիվանդ, ջերմություն է ունեցել, ու քանի որ մայրն էլ շատ հետևողական է, չի տարել պատվաստմանը: «Իր մի տարեկանի օրը բժիշկը նույնպես զանգում է, ասում է բերեք, մայրն ասում է ծնունդն է, կբերեմ: Մի քանի օր անց նույնպես զանգում է, մայրը պատասխանում է, որ հիվանդ է, նոր է լավացել, 1-2 օր էլ անցնի կբերեմ: Հետո բժիշկը զանգում պարտադրում է, որ բերեք, ես արձակուրդ պիտի գնամ: Մի խոսքով՝ բժիշկն ասում է բերեք, եթե ինչ-որ խնդիր լինի, չեմ պատվաստի: Ստուգում է ու ասում, որ ամեն ինչ նորմալ է: Պատվաստում են, բերում տուն, ջերմությունը բարձրանում է, երեխու ձեռքերը սառում են, ասում է ջերմիջեցնող տվեք: Ջերմիջեցնողը տալիս են, հաջորդ օրը նորից զանգում ու ասում են, որ երեխան դողէրոցքի մեջ է: Նորից ասում է ջերմիջեցնող տվեք, եթե մինչև առավոտը չկարգավորվի, վաղը 15:00-ի սահմաններում բերեք հիվանդանոց: Բայց մինչև ժամը երեքը չի հասնում: ժամը 19:00-ի կողմերը հոր հետ խաղալու ժամանակ երեխան վատանում է՝ հայացքը մի կետի է նայում: Խառնվում են իրար, թե երեխան ինչո՞ւ է մի կետի նայում, ավելի ուշ երեխան ջերմությունից կոմայի մեջ է ընկնում: Մինչև հասցնում են հիվանդանոց, ասում են կոմայի մեջ է, կլինիկական մահ է ու երեխեն էլ չի արթնանում, 4 օրվա մեջ երեխան մահանում է: Այդ ընթացքում երեխային զոնդով կաթ են տալիս, սիստեմա են միացնում»,-կատարվածի իր տարբերակը ներկայացրեց հորաքույրը:
Անի Գրիգորյանը տեղեկացրեց, որ այդ ամենից հետո բժիշկները, խոսելով պատճառի մասին, ասել են, որ երեխայի մոտ գաղտնի թոքաբորբ է եղել. «Բայց եթե գաղտնի թոքաբորբ է, բժիշկը պետք է ստուգեր, մեզ ասել է կստուգեմ, նոր պատվաստում կանեմ: Չգիտեմ՝ ինչ վիճակ է հիվանդանոցներում. Ցանկացած տեղ պատվաստում անելու համար գոնե մինիմում պետք է ստուգեն, նոր պատվաստում անեն»:
Ինչ վերաբերում է դատարան դիմելուն, ապա մեր զրուցակիցն ասաց. «Երեխու թոքից և այլ տեղերից անալիզներ են վերցրել: Մահվան օրն ասել են, որ 20 օր հետո պատասխանները կգան, դրանից հետո կարող են դատական պրոցեսներ սկսել: Բայց փաստացի մեր բարեկամներից մեկը գնացել է հիվանդանոց, ասել է ուզում ենք մահվան պատճառն իմանալ, երեխային հետ չենք բերի, բայց ուզում ենք մենք մեզ համար իմանալ: Բժիշկներն արդեն իսկ ասել են, որ երեխային պատվաստում չեն արել: Դա աբսուրդ է, մոր գրկի մեջ, երեխան նույնիսկ այնքան է լաց եղել: Աբսուրդ, որ հիվանդանոցում նման մասնագետներ են աշխատում: Էս օրով մեր երեխեն չկա մենակ իրենց պատճառով, մենակ իրենց ստուգում չանելու ու պատվաստելու պատճառով, առանց ստուգում անելու պատվաստելու»:
Խոսելով մոր՝ Կարինե Սարգսյանի մասին, Անի Գրիգորյանը նշեց, որ մայրը շատ հոգատար է. «Շատ ուշադիր է, այնքան ուշադիր, որ եթե երեխու համար ինչ-որ ուտելիք է պատրաստում, երկրորդ անգամ նույն ուտելիքը չի տալիս, մի անգամ տվեց, վերջ, երկրորդ անգամ չի տալիս, թափում է: Ամեն փռշտոցին, եթե չտաներ հիվանդանոց, գոնե կզանգեր»,-եզրափակեց 1-ամյա Մերի Սարգսյանի հորաքույրը՝ Անի Գրիգորյանը:
Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց նաև նույն՝ Նորք Մարաշի Թիվ 5 պոլիկլինիկայի բժիշկ Սոնյա Սևոյանի հետ, ով երեխայի բժիշկն է, պարզաբանում ստանալու համար: Վերջինս մեզ հետ զրույցում խոսելով այն մասին, թե ինքը շտապեցրել է երեխայի մորը, որ նրան պատվաստման տանի, քանի որ ինքն արձակուրդ է գնալու, բժշկուհին ասաց. «Էդպիսի բան գոյություն չունի, շտապեցնելը ո՞րն է, երեխան որ նախկինում հիվանդություն ունեցել է, ես ոչ մի անգամ չեմ պատվաստել, իսկ այս անգամ լրիվ առողջ է եղել: Երեխան արդեն մի տարեկան էր, իր պատվաստումն էր ստանում, շտապեցնելը ո՞րն է: Երեխան եղել է լիարժեք առողջ, դրա համար էլ կատարվել է պատվաստումը: Ի՞նչ կապ ունի ես արձակուրդ եմ գնում, չեմ գնում: Արձակուրդ ես չեմ էլ գնացել, տնօրենը չի տվել: Բայց դա ի՞նչ կապ ունի պատվաստման հետ: Ես բոլոր երեխաներին եմ նայում, ստուգում, նույնն էլ իրենց երեխային. Ամեն ինչ նորմալ է եղել, առողջ է եղել, ուղարկել եմ պատվաստման»:
Բժիշկը ներկայացրեց իրադարձությունների հաջորդականության իր տարբերակը:
«Հոկտեմբերի 31-ին երեխային բերել են ինձ մոտ պատվաստման, երեխան եղել է առողջ, ստուգել եմ, պատվաստումը ստացել է: Ու մենք հետպատվաստումային ծրագրով նախատեսված մինչև երրորդ օրը պատվաստում ստացած երեխային հսկում ենք: Հսկել ենք մինչև ամսի 3-ը՝ կիրակի, ամսի 4-ը եղել է արդեն 4-րդ օր, բայց էլի բուժքույրը զանգել է տուն, տատիկը պատասխանել է, որ երեխան նորմալ է, ամեն ինչ նորմալ է, այսինքն՝ հետպատվաստումային շրջանը նույնպես անցել է նորմալ: Անցել է ևս մի քանի օր, ամսի 8-ին տատիկն ինձ զանգել է, որ երեխան գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում, ասել է, որ ամսի 6-ին և 7-ին երեխան ջերմել է, ինչի մասին ես իմացել եմ ամսի 8-ին՝ տատիկի զանգից: Տատիկը, որ ինձ զանգեց, ասաց ամսի 6-ին և 7-ին երեխան բարձր ջերմություն ուներ, չէր իջնում, տանը սկսել են ցնցումներ ու տարել են հիվանդանոց, երեխան գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում: Բնական է, որ մենք էլ ենք անհանգստացել, վերադասերին ես ասել եմ: Ամսի 11-ին մահացել է: Պատանատոմիական հերձման տվյալները ես այս պահին չունեմ, ինձ հայտնի չեն: Մենք էլ շատ ցավում ենք»,-ասաց Սոնյա Սևոյանը:
Բժիշկը նաև պարզաբանում տվեց երեխայի մոտ գաղտնի թոքաբորբ լինելու վերաբերյալ: Մեր զրուցակիցը նշեց. «Ես նման բան չեմ ասել, ո՞նց կարող է գաղտնի թոքաբորբի մասին խոսակցություն լինել: Նախ այդ տարիքում հնարավոր չէր գաղտնի թոքաբորբ լիներ, երեխան եղել է բացարձակ առողջ,-պնդեց Սոնյա Սուրենովնան,- դրանք կողքից ասեկոսեներ են: Ես 30 տարի է՝ այս աշխատանքով եմ զբաղվում, պատվաստումներ եմ անում, իմունիզացիայի ծրագիրն ենք անում, դա մեր աշխատանքի հիմնական բնույթն է, բոլոր առողջ երեխաներին պատվաստում ենք անում»:
Խոսելով այդ նույն պատվաստանյութով այլ երեխաների պատվաստելու մասին, բժիշկը նկատեց. «Մենք էդ օրը 6-7 երեխայի ենք պատվաստել այդ նույն պատվաստանյութի երկրորդ դոզան արել ենք ուրիշ երեխայի և բոլորն էլ նորմալ տարել են: Ինքն էլ, հետպատվաստումային շրջանը տարել է հարթ: Իմունիզացիայի ծրագրով երեք օր հսկում ենք, նույնիսկ չորրորդ օրն ենք հսկել՝ երկուշաբթի, անցել է նորմալ: Մի փոքր քթից արտադրություն է լինում, չենք պատվաստում, ո՜ւր մնաց լուրջ խնդիր լիներ:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե նոյեմբերի 6-ին և 7-ին իր կողմից ցուցումներ տալուն, բժիշկն ասաց, որ ինքը երեխային չի տեսել, ջերմության բարձանալու մասին իմացել է միայն ամսի 8-ին: «Ինձ տեղյակ չեն պահել, չեն զանգել, ես ո՞նց կարող եմ ասել, թե ինչ կար երեխայի մոտ»:
Սոնյա Սևոյանը խոսելով մոր հոգատարության մասին, նշեց, որ մայրը շատ ուշադիր է:
Ավելի ուշ մեր խմբագրություն զանգահարած բժիշկը տեղեկացրեց, որ այդ ընտանիքի մյուս հարսն իրեն ասել է, որ դիմել են ուրիշ բժշկուհու, որ ինչ լինում է, իրեն են դիմում: Ընտանիքի մյուս հարսը՝ Դիանան, մասնավորապես ասել է. «Մենք իրեն զանգեցինք ամսի 6-ին, ինքը ասաց ամսի 7-ին կբերեք 15:30-ից հետո ես կլինեմ «Մուրացան» բժշկական կենտրոնում և ձեր երեխային կնայեմ: Մենք էլ պահել ենք տունը, ջերմությունը բարձրացավ, ամսի 6-ից Պարացետամոլ ենք տվել»:
Սոնյա Սևոյանը զարմացավ. «Ո՞վ է դա նշանակել, թե բժշկուհին է ասել, չգիտեմ, էդ խոսակցությունը չգիտես ինչու վերագրվել է ինձ: Ինձ չեն զանգել, զանգել են «Մուրացանի» բժշկուհուն: Այդ ամբողջ հարսը, բժշկուհու խոսքով, իրեն պատմել է իր կաբինետում, քույրն էլ է ներկա եղել:
Հարսը պատմել է նաև, որ իրենք սկսել են տանը ջերմիջեցնողներ տալ, բայց «հաջորդ օրը, որ երեխան էնքան ծանր էր, որ աչքերը կուլ գնաց, ցնցվեց, այնքան վատացավ, որ մատս տարա (այսինքն՝ Դիանան) լեզուն քաշեցի, որ կուլ չգնա»,- հարսի խոսքերը մեջբերեց բժիշկն ու շարունակեց. «Հետո ռեանիմացիայում ասել են, որ սխալ է արել, երկար չի կարելի այդպես պահել: Դե հիմա, մարդ է, ուզեցել է օգնել»,- ասաց Սևոյանը:
Վերջինս մեկ անգամ ևս կրկնեց, որ հետպատվաստումային շրջանը հարթ է տարել երեխան, հսկվել է այդ շրջանը: «Ես չեմ ուզում ուրիշ բժշկի «գցել», բայց դա չի նշանակում, որ իմ մասին հերյուրանքներ հրապարակեն: Չէր կարելի 30 տարվա բժշկի անվան շուրջ այս քաշքշուկը սարքել»,-եզրափակեց Սոնյա Սևոյանը: