Սիրիայի և ԱՄԷ-ի նախագահները հանդիպում են անցկացրել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա կինը՝ Ասմա ալ Ասադը մարտի 19-ին սկսել են այցը ԱՄԷ, ժամանելուն պես նրանց ողջունել է երկրի նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Այսօր ԱՄԷ-ում ընդունել եմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, և մենք կառուցողական բանակցություններ ենք վարել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման համար», - գրել է ԱՄԷ նախագահը սոցցանցերում:
Նա հավելել է, որ «մենք նաև քննարկումներ ենք անցկացրել Սիրիայում և տարածաշրջանում իրադարձությունների կայունությունն ու դրական դինամիկան ամրապնդելու նպատակով համագործակցությունն ուժեղացնելու ուղիների շուրջ»:
The National News թերթի տվյալներով՝ ԱՄԷ Է ժամանել նաև սիրիական պատվիրակությունը, այդ թվում ՝ էկոնոմիկայի և տեղեկատվության նախարարները:
2021 թվականին ԱՄԷ-ն հանդես է եկել Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման օգտին և կոչ է արել վերականգնել Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային։ 2021 թվականի վերջին Դամասկոսում վերսկսել է աշխատանքը ԱՄԷ դեսպանատունը։ 2022 թվականի մարտին Ասադն այցելել է ԱՄԷ՝ Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր առաջին այցն արաբական երկիր։
2023 թվականի հունվարին ԱՄԷ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը Սիրիա էր ժամանել Ասադի հետ բանակցելու համար։ Փետրվարին Ասադը նաև այցելել է Օման։
Արևմտյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ ԱՄԷ-ն փետրվարի 6-ին տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ակտիվորեն օգնություն է ցուցաբերել տուժած Սիրիային և նրան 100 մլն դոլար է ուղղել՝ ավելի շատ, քան ցանկացած այլ երկիր: