Ֆրանսիայում ձմռան սկզբից ավելի քան 900 դելֆիններ են ափ դուրս եկել
Ձմռան սկզբից առնվազն 910 դելֆին է նետվել Ֆրանսիայի ատլանտյան ափ, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France 24-ը՝ վկայակոչելով Լա Ռոշելի օվկիանոսագիտական ինստիտուտի տվյալները:
Հաստատության տեղեկատվության համաձայն՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում Ատլանտյան ափին կաթնասունների ավելի քան 400 ծովային դիակ է հայտնաբերվել։ Կենդանիների հետազոտությունները ցույց են տվել, որ նրանցից ոմանք սատկել են մի քանի օր առաջ, մյուսները՝ մի քանի շաբաթ առաջ։
Դելֆինների մեծ մասի մոտ հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք բնորոշ են ձկնորսական ցանցերից և այլ սարքավորումներից, ինչպես նաև նավային շարժիչներից վնասվածքներին:
Հետազոտողները հայտարարում են, որ սատկած դելֆինների թիվը դեռ նախնական է, այն կարող է աճել։ 2017-2020 թվականներին ձմռանը ափ նետված դելֆինների միջին թիվը կազմել է 850 առանձնյակ, ճշտում են ԶԼՄ-ները։ Նրանց մեծ մասը սատկել է փետրվարին և մարտին, երբ դելֆինները սովորաբար մոտենում են ցամաքին՝ սնունդ փնտրելու համար։
Փետրվարին պետական խորհուրդը՝ պետական գործերում Ֆրանսիայի բարձրագույն իրավասության մարմինը, հանդես է եկել ձկնորսության ժամանակավոր արգելքի օգտին։