Երևանում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են. ՔԿ
Երևան քաղաքում 2022թ. արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) 1928 դեպք, որից 58-ը՝ մահվան ելքով։ 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ների քանակը գրեթե չի ավելացել, իսկ մահվան ելքով դեպքերը նվազել են 20-ով կամ 26%-ով։ Այս դրական միտումները մեծապես պայմանավորված են մայրաքաղաքում պարեկային ծառայության ներդրմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, սակայն, քննվող վարույթների ճնշող մեծամասնությունը վերաբերում է այն դեպքերին, երբ անձինք շարունակում են վարել տրանսպորտային միջոցը՝ անտեսելով, որ իրենց վարելու իրավունքը ժամանակավորապես կասեցված է` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կիրառվող տուգանային առավելագույն 9 բալերի քանակն անցնելու պատճառով։
Վարորդները պետք է տեղեկացված լինեն, որ այդ արարքը համարվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն։