Պուտինի կալանավորման մասին Հաագայի դատարանի որոշումը ՌԴ-ի համար ոչ մի նշանակություն չունի․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հաագայի միջազգային քրեական դատարանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ տալու որոշումը՝ նշելով, որ այն ՌԴ-ի համար որևէ նշանակություն չունի։
«Միջազգային քրեական դատարանի որոշումները մեր երկրի համար ոչ մի նշանակություն չունեն, այդ թվում ՝ իրավական տեսանկյունից», - գրել է Զախարովան իր թելեգրամյան ալիքում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից չէ, ուստի դրա վերաբերյալ պարտավորություններ չունի։
«Ռուսաստանը չի համագործակցում այդ մարմնի հետ, և Արդարադատության միջազգային դատարանից եկող ձերբակալության հնարավոր «բաղադրատոմսերը» մեզ համար իրավաբանորեն առոչինչ են լինելու», - ընդգծել է նա։