Թուրքիայի ընդդիմությունը հայտարարել է ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության ծրագրերի մասին
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ունալ Չևիքյոզը նշել է, որ իրենք մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում կշարունակեն Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է TASS-ը:
«Ռուսաստանը, անկասկած, մեզ համար կարևոր գործընկեր է, որի հետ մենք ակտիվորեն համագործակցում ենք, մասնակցում ենք տարածաշրջանում ծագող խնդիրների լուծմանը։ Նրա հետ հարաբերությունները չեն կարող անտեսվել, մենք երբեմն ունենում ենք որոշակի խնդիրներ, բայց դրանք լուծելու համար պետք է գործենք միասին։ Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Ինչպես սառը պատերազմի տարիների էին նախկին Խորհրդային Միության հետ վարում հավասարակշռված քաղաքականություն, այնպես էլ այսօր կարող ենք հաջողությամբ համատեղել դաշինքին անդամակցությունը Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հետ»,-ասել է Չևիքյոզը:
Նա նշել է, որ երկկողմ հարաբերություններում հավասարակշռության պահպանումն ու փոխադարձ շահերը հաշվի առնելը միջպետական հարաբերությունների լավ օրինակ են։
«Սա շատ կարևոր է մեզ համար՝ հաշվի առնելով, որ մեր միջև պետական մակարդակով ոչ միայն ակտիվ առևտուր կա, այլ նաև սերտ ընտանեկան կապեր»,- նշել է նա՝ նկատի ունենալով երկու երկրների բնակիչների ամուսնությունները։
Չևիքյոզը հիշեցրել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները երկար պատմություն ունեն, ներառյալ պատերազմները։
«20-րդ դարի սկզբին երկու երկրներն էլ ստեղծեցին նոր պետություններ՝ ԽՍՀՄ-ը և Թուրքիայի Հանրապետությունը, պահպանեցին բարեկամական և համերաշխ հարաբերությունները: Դրանք այսօր ակտիվորեն զարգանում են: Մենք պետք է նայենք ապագային, ոչ թե անցյալին»,-ասել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդի խորհրդականը: