Փաստաթղթի կեղծում, թմրամիջոցների իրացում, «Կալաշնիկովի» հայտնաբերում. Քրեական ոստիկանության բացահայտումները
Մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, սեփականության իրավունքով ուրիշին պատկանող՝ Երևանի Բաբայան փողոցում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը խաբեությամբ հափշտակելու նախապատրաստության համար ձեռք են բերել սեփականատիրոջ անվամբ կազմված իրավաբանական նշանակություն ունեցող, իրավունք վերապահող կեղծ լիազորագիր։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Կեղծ լիազորագրով խմբի անդամներից մեկը Կադաստրի կոմիտեի Կենտրոնի սպասարկման գրասենյակից ստացել է անշարժ գույքի հատակագծերի պատճենները։ Այնուհետև նրանք պատրաստվել են նույն կեղծ լիազորագրի օգտագործմամբ, առուվաճառքի եղանակով, հափշտակել անշարժ գույքը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել։
Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերել ու ձերբակալել են խմբի անդամներին։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև կեղծ լիազորագիրը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ոստիկանության հաջորդ բացահայտումը թմրամիջոցների իրացման մասին է։ Օպերատիվ տվյալները ստացել են Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Նրանք պարզել են, որ Երևանում բնակվող 40-ամյա մի տղամարդ թմրամիջոցներ է իրացնում։ Իրավապահները նախ հայտնաբերեցին գնորդին, որի խուզարկությամբ մեթամֆետամինի նմանվող զանգված հայտնաբերվեց։ Հայտնաբերվեց նաև իրացնողը։ Նրա խուզարկությամբ, բացի մեթամֆետամինի նմանվող զանգվածներից, հայտնաբերվեցին նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Իրավապահները խուզարկեցին նրա փաստացի ժամանակավոր բնակության վայրը։
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվեցին շուրջ 30 գրամ մեթամֆետամինի, 30 գրամից ավելի մարիխուանայի, 24 գրամից ավելի հերոինի նմանվող զանգվածներով փաթեթներ, չօգտագործված ներարկիչներ և այլ իրեր։ Իրավապահների տվյալներով՝ 40-ամյա տղամարդու հետ հյուրանոցային համարում ապրող անձինք ևս թմրամիջոցներ են իրացնում։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն էլ Նոր Արեշում ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Էրեբունու բաժին են տարել 47-ամյա մի տղամարդու։ Իրավապահները նրա մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Տղամարդը հայտնել է, որ հրազենը հետը բերել էր Արցախից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։