Նախագահ Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 16-ին այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է թանգարանի սրահներում, ծանոթացել նորաբաց ցուցադրություններին: Շրջայցի ընթացքում թանգարանի տնօրենը Հանրապետության նախագահին է ներկայացրել ներկայումս Թանգարանի կողմից իրականացվող միջոցառումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ մանրամասներ:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ Վահագն Խաչատուրյանը շրջել է ցուցասրահներում և ծանոթացել հայ հին և միջնադարյան մշակութային նմուշների, ինչպես նաև դասական ու ժամանակակից ստեղծագործողների ցուցադրություններին՝ Մարտիրոս Սարյանի նախկինում չցուցադրված գրաֆիկական աշխատանքներին, Հակոբ Գյուրջյանի, Եղիշե Թադևոսյանի, Վարդգես Սուրենյանցի, Գառզուի, Կամո Նիգարյանի և այլ հեղինակների աշխատանքներին: