Իսրայելում կանայք ցույցի են դուրս եկել «Աղախնի պատմությունը» գրքի և սերիալի հերոսուհու կերպարներով
Իսրայելում վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության առաջարկած դատական բարեփոխումների դեմ ցույցին տասնյակ կանայք մասնակցել են՝ կրելով կարմիր թիկնոցներ և սպիտակ գլխարկներ, գլխահակ և ձեռքերը սեղմած իրար: Նրանք հագնվել են Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» հակաուտոպիկ վեպի և համանուն հեռուստասերիալի հերոսուհիների նման: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24 պարբերականից:
Գրքում նկարագրվող աղախինների կերպարով կանայք նշել են, որ իրենց բողոքն են արտահայտում այն «մռայլ ապագայի» դեմ, որին կհանգեցնեն կառավարության առաջարկած դատական բարեփոխումները:
Իսրայելում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընթանում հունվարից: Ցուցարարները բողոքում են կառավարության ներկայացրած օրինագծի դեմ, որն, ըստ ընդդիմադիրների, թուլացնում է Գերագույն դատարանը, սահմանափակում դատական իշխանության անկախությունը, ինչպես նաև խարխլում է Իսրայելի զսպման և հավասարակշռման համակարգը՝ այն տանելով դեպի ավտոկրատիա: