ԿԺԴՀ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել՝ Սեուլ-Տոկիո բանակցությունների և Վաշինգտոն-Սեուլ զորավարժությունների ֆոնին
Հյուսիսային Կորեան արձակել է Hwasong-17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Ըստ երկրի պետական լրատվամիջոցի՝ այսպիսով երկիրը ցույց է տալիս իր ռազմավարական ուժերի «կոշտ արձագանքի դիրքորոշումը» ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի «ագրեսիվ» համատեղ զորավարժությունների նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը:
Ըստ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր փոքր դստեր հետ «ուղղորդել է» հրթիռի մեկնարկը, որպեսզի «ավելի ուժեղ նախազգուշացում տա թշնամիներին, որոնք միտումնավոր կերպով սրում են իրավիճակը» թերակղզում:
Հյուսիսային Կորեայի հաղորդած տեղեկատվության համաձայն՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը մեկնարկել է Փհենյանի միջազգային օդանավակայանից, հասել 6045 կմ առավելագույն բարձրության, 4,151 վայրկյանում թռել 1000,2 կմ, այնուհետև վայրէջք է կատարել Ճապոնական ծովի ջրերում՝ նախանշված վայրում:
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ դաշնակիցների ռազմական քայլերն «անդառնալի և ծանր սպառնալիք են ներկայացնում հենց իրենց համար»:
Բալիստիկ հրթիռի արձակումը տեղի է ունեցել Տոկիոյում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի բանակցություններից առաջ, ինչպես նաև մարտի 13-ին մեկնարկած Վաշինգտոնի և Սեուլի Freedom Shield համատեղ զորավարժությունների ֆոնին: Ի դեպ, զորավարժությունների մեկնարկից հետո ամեն օր Փհենյանը տարբեր հեռահարության հրթիռներ է փորձարկել:
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը նաև լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է երկրի ղեկավարն իր դստեր հետ (որը, ենթադրաբար, մոտ 10 տարեկան է) հետևում հրթիռի արձակմանը: Կիմ Չեն Ընն իր դստերն առաջին անգամ հանրությանը ներկայացրել էր անցյալ տարվա նոյեմբերին, երբ նրանք միասին հետևում էին Hwasong-17-ի արձակմանը: Փհենյանը նաև ներկայացրել է Երկրի լուսանկարներ՝ արված հրթիռից՝ ցույց տալու ԿԺԴՀ-ի առաջադեմ տեխնոլոգիաները:
Հարավային Կորեայի միավորման նախարարությունը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային հրթիռի վերջին արձակումը՝ կոչ անելով դադարեցնել բոլոր սադրանքները: