Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու մասին լրագրողի հարցին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 16-ին ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հնարավորության մասին լրագրողի հարցին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 28-ին կայացել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստերը, Հայաստան են այցելել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորած առաքելությունը։
Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու ծրագիր է նախապատրաստվել, և կազմակերպության կանոնադրական մարմինների՝ Երևանում կայացած նիստում գործնականում ավարտվել է համապատասխան որոշման մշակումը։
«Միևնույն ժամանակ, հայ գործընկերների որոշակի պահանջների պատճառով, որոնք խնդրահարույց էին ՀԱՊԿ մյուս անդամների համար, ի վերջո հնարավոր չեղավ այս որոշումը կայացնել», - ասել է Զախարովան։
Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները։ Իսկ մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը, համապատասխան ընթացակարգի համաձայն, դիմել է ՀԱՊԿ՝ հրաժարվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։