Պուտինն ու Ասադը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցերը
Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար ալ- Ասադը Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության և Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: Լրագրողներին այս տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Ինչ վերաբերում է մեր համագործակցությանն այն ոլորտներում, ինչպիսին է ռազմատեխնիկական համագործակցությունը, դա նույնպես քննարկվել է: Բանակցությունների ոչ բոլոր արդյունքները կարող են հրապարակային լինել հասկանալի պատճառներով», - ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ բանակցություններում նաև արծարծվել Է Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման թեման։ Բացի դրանից, Պեսկովը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կայացվել Է որոշում, որը թույլ կտա առաջիկա շաբաթներին կամ ամիսներին անցնել Ռուսաստանի և Սիրիայի միջև «առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման շատ կարևոր փաստաթղթի» ստորագրմանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը բանակցություններն անվանել է առարկայական և նշել, որ դրանց նախորդել են շփումներն արտաքին գործերի և պաշտպանություն նախարարությունների գծով։
«Երեկ կայացած բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները լսել են ոլորտների նախարարների զեկույցները», - հավելել է Պեսկովը։
Պեսկովը նաև հայտարարել է, որ աշխատանքային մակարդակով մի քանի շփումներ են իրականացվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ասադի հանդիպման նախապատրաստման համար։
«Այդ հանդիպմանը պետք է նախորդեն աշխատանքային մակարդակով մի ամբողջ շարք շփումներ, որոնք այժմ իրականացվում են: Այդ աշխատանքը կշարունակվի», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով նման հանդիպման հնարավորության մասին հարցին։
Պուտինի և Ասադի բանակցություններն ավարտվել են մարտի 15-ին՝ ժամը 20:00-ի (Երևանի ժամանակով ժամը 21:00-ի) սահմաններում։ Ինչպես ավելի վաղ Պեսկովը հայտնել էր ТАСС-ին, զրույցը տևել է երեք ժամ: