Չինաստանի վերջին կայսեր Patek Philippe ժամացույցը աճուրդի կհանվի
Շվեյցարական Patek Philippe ընկերության ժամացույցը, որը պատկանել է Ցին կայսերական տոհմի վերջին կայսր Պու Իին, վաճառքի կհանվի Phillips աճուրդի տան կողմից։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Խոսքը Patek Philippe Reference 96 Quantieme Lune մոդելի մասին է. այն համարվում է բավականին հազվադեպ, և սպասվում է, որ վերջնական գինը կարող է հասնել յոթանիշ թվի:
Մինչև վերջերս այս ժամացույցը պահվում էր Պու Իի թարգմանիչ Գեորգի Պերմյակովի ընտանիքում. Պերմյակովի հետ նախկին միապետը մտերմացել էր հետպատերազմյան ԽՍՀՄ-ում բանտարկության ժամանակ։ Կայսրը ժամացույցը, ինչպես նաև իր գրառումներով նոթատերն ու կարմիր թղթե հովհարը թարգմանչին էր նվիրել որպես բարեկամության նշան՝ Չինաստան մեկնելուց առաջ։ Այս ամենը աճուրդի է հանելու եվրոպացի մի հավաքորդ, որը մի քանի տարի առաջ այդ իրերը գնել է Պերմյակովի ժառանգներից։
Պու Ին 1908 թվականին երկու տարեկան հասակում հռչակվել է կայսր, բայց արդեն 1912 թվականին երկրում տեղի ունեցավ Սինհայի հեղափոխությունը, որը կործանեց Ցին կայսրությունը և հանգեցրեց Չինաստանի հանրապետության ստեղծմանը։ Պու Ին պահպանեց պաշտոնական տիտղոսը մինչև 1924 թվականը, որից հետո 18 տարեկանում նա վերջնականապես պաշտոնանկ արվեց, զրկվեց բոլոր տիտղոսներից և վտարվեց Պեկինի Արգելված քաղաքից, որտեղ մինչ այդ ապրում էր որպես միապետ։
1925 թվականին նա բնակություն է հաստատում ճապոնական կոնցեսիայի տարածքում՝ Տյանցզինում, որտեղ ստեղծում է «աքսորյալ պալատականություն» և երկար ժամանակ վայելում ճապոնական կառավարության աջակցությունը։ Նա 1945 թվականի օգոստոսին խորհրդային զորքերի կողմից գերեվարվել է Մուկդենում, որից հետո նրան հինգ տարի պահել են Լուբյանկայի մեկուսարանում։
1949 թվականին Պու Ին նամակով դիմել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինին՝ հայտարարելով, որ իր աշխարհայացքը փոխվել է Մարքսի և Լենինի աշխատություններին ծանոթանալու արդյունքում։ 1950 թվականին նախկին կայսրը վերադարձել է Չինաստան, որտեղ նրան ուղարկել են ռազմական հանցագործների բանտ։ 1959 թվականին նա ազատություն է ստացել:
Ազատ արձակվելուց հետո նա աշխատել է Պեկինի բուսաբանական այգում, այնուհետև որպես արխիվագետ՝ ազգային գրադարանում: 1964 թվականին Պու Ին դարձել է ՉԺՀ-ի քաղաքական խորհրդատվական խորհրդի անդամ։ Նա մահացել է 1967թ.: