Երբ ծնողներով հանդիպում ենք, քննարկում ենք՝ ինչքան երջանիկ էինք, քանի դեռ տիկին Աննայի ամուսինը չէր դարձել մեր բանակի գերագույն գլխավոր հրամանատար. Ալիսա Գևորգյան (Տեսանյութ)
Եթե վարչապետի կինը նայում է Եռաբլուրի վերածված իր երկրին, երեք ամիս պատանդ պահվող արցախցի երեխաներին, մեր պետության ինքնիշխան տարածքում ծածանվող ադրբեջանական դրոշներին և այդքանից հետո կարծում է, որ վարչապետի կնոջ թիվ մեկ խնդիրը հայ կնոջ երջանկության մեխանիկայի բացահայտումն է, ինչ կարող եմ իրեն մաղթել՝ միայն առողջություն, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը։
«Երբ ծնողներով հանդիպում ենք, քննարկում ենք՝ ինչքան երջանիկ էինք, երբ մեր զավակները մեր կողքին էին, ինչքան երջանիկ էինք, քանի դեռ տիկին Աննայի ամուսինը չէր դարձել մեր բանակի գերագույն գլխավոր հրամանատար, երբ տիկին Աննան «Էրատո» ջոկատի հրամանատարի դերում բունկերում ցուցումներ չէր տալիս։ Հիմա մենք ապրում ենք մի իրականությունում, երբ բազմաթիվ մայրեր ինձ ասում են՝ «Ալիսա, դու երջանիկ ես, որ որդուցդ գոնե տասնչորս մասունք ունես»»։
Ալիսա Գևորգյանի գնահատմամբ՝ եթե կա հարյուր ծնող, որ գիտակցում է՝ ինչ է կատարվել երկրի հետ, զավակների հետ և ունի վճռականություն արդարադատության հասնելու, ամեն ինչ կորած չի կարելի համարել։
«Վճռական, պատրաստակամ, խելացի մարդիկ միշտ փոքրամասնություն են և դա օրինաչափություն է, գիտեմ, որ կան այնպիսի ծնողներ, որ պատրաստ են շարունակ պայքարել, պայքարել նաև այն տղաների իրավունքների համար, որոնց ծնողներն անկարող են վերլուծել կատարվածը։ Այն ծնողները, որ մինչև հիմա չեն հասկացել կատարվածը, գուցե երբեք էլ չհասկանան, թեև համոզված եմ, որ բազմաթիվ ծնողներ զբաղված են ինքնախաբեությամբ՝ ընդունելով մեղքն այն մարդու, որին ժամանակին ընտրել են, կընդունեն իրենց մեղքի բաժինն այս ողբերգության մեջ, ինչը հեշտ չէ»։
Հարցազրույցն ամբողջությամբ Aysor.am-ի՝ տեսանյութում։