Ջորջինա Ռոդրիգեսն արտասվել է՝ իր և Ռոնալդուի երեխային կորցնելու մասին պատմելիս (տեսանյութ)
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի քաղաքացիական կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, Netflix-ի համար իր նոր վավերագրական ֆիլմում անկեղծացել է ու պատմել անցած տարվա ապրիլին ծննդաբերությունից հետո երկվորյակներից մեկի մահանալու մասին: Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Daily Mail-ը, երիտասարդ կինը չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է:
29-ամյա Ռոդրիգեսի և Ռոնալդուի երկվորյակները լույս աշխարհ են եկել Մանչեսթերի հիվանդանոցում. զույգի դուստրը՝ Բելլա Էսմերալդան, ծնվել է առողջ, սակայն երկվորյակներից մյուսը մահացել է:
«Ես Ջորջինան եմ» վավերագրական ֆիլմի նոր դրվագների թրեյլերում արգենտինուհին ընդգծել է, որ կյանքը բարդ է, սակայն պետք է առաջ շարժվել:
«Ես առաջ շարժվելու և ուժեղ լինելու պատճառներ ունեմ», - ասել է Ռոդրիգեսը՝ հավելելով, որ Ռոնալդուն իրեն շատ է օգնել կյանքի ամենամութ փուլով անցնելու հարցում:
«Կրիսը (Կրիշտիանուն) իսկապես քաջալերում էր ինձ շարունակելու իմ օրակարգը։ Ասում էր՝ Ջիո, կյանքդ շարունակիր, քեզ այդպես լավ կլինի», - պատմել է Ռոդրիգեսը:
«Իմ առաջնահերթությունը այս պահին ընտանիքս և երեխաներս են։ Ես այնքան ուրախ եմ և շնորհակալ»,- հավելել է նա:
Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ Ռոդրիգեսն ու Ռոնալդուն ունեն երկու համատեղ երեխա, սակայն կինը նաև խնամում է սիրելիի՝ փոխնակ մայրերից լույս աշխարհ եկած երեք երեխային:
«Ես ինձ սուպերմայր եմ և սուպերկին եմ զգում»,- եզրափակել է արգենտինուհին: