ԿԺԴՀ-ն մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի և Ճապոնիայի ղեկավարների հանդիպումից առաջ
Այսօր Փհենյանը մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռել է մոտ 1000 կմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը: Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի՝ հրթիռն արձակվել է մեծ անկյան տակ, Փհենյանի Սունանի շրջանից դեպի Ճապոնական ծով, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 07:10-ին (Երևանի ժամանակով 02:10-ին):
Կորեայի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել նիստ անցկացնել արձակման կապակցությամբ։ Տոկիոյում կարծում են, որ դա եղել Է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
Սպիտակ տունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված արձակումն անմիջական վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների համար, սակայն մեծացնում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգը: Այսօր Տոկիոյում նախատեսված են Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի բանակցությունները։
Yonhap-ը նշում է, որ բանակցությունների օրակարգում, ամենայն հավանականությամբ, մեծ տեղ են զբաղեցնելու Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային սպառնալիքները: Մարտի 13-ին մեկնարկել են ամերիկա-հարավկորեական «Freedom Shield» զորավարժությունները, որոնց ի պատասխան Հյուսիսային Կորեան վերջին օրերին տարբեր հեռահարության հրթիռներ է արձակում: