Կարողացե՞լ է արդյոք Փաշինյանը կազմակերպել «չորս շարասյուներին». Արթուր Վանեցյան. «Հրապարակ»
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը դեռ քննարկվում է քաղաքական շրջանակներում:
«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
-Երեկ Նիկոլ Փաշինյանը խոսում էր 2020 թվականի պատերազմում պարտության մասին եւ նոր վարկած առաջ քաշեց, որ բանակում «5-րդ շարասյուն» ենք ունեցել, որի պատճառով ենք պարտվել: Երեկ նաեւ պաշտոնից ազատվեց Տիգրան Փարվանյանը` Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը: Միքայել Արզումանյանի կալանքն են երկու ամսով երկարացրել, Դավիթ Տոնոյանի դատն են ձգձգում` նա դեռ կալանավայրում է, Սեյրան Օհանյանի եւ Գրիգորի Խաչատուրովի դեմ են գործ հարուցել: Ի՞նչ «5-րդ շարասյան» մասին է խոսքը: Սա արդյո՞ք ուղիղ հրահանգ չէր` ուղղված դատական համակարգին, եւ զինվորականության նկատմամբ հերթական արշավի մեկնարկ:
-Վերջին երեք տարում Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտության բազմաթիվ պատճառներ է նշել, բայց այդպես էլ չի խոստովանում, որ գլխավոր մեղավորն ու պատասխանատուն ինքն է։ Ի՞նչ «հինգերորդ շարասյան» մասին է խոսքը։ Երկրի ղեկավարը պարտավոր է խոսել իրավական լեզվով։ Գոյություն ունի օրենսդրություն, գոյություն ունեն իրավապահ եւ արդարադատության մարմիններ։ Պատերազմից անցել է 3 տարի, այդ ժամանակը միանգամայն բավարար էր, որ բացահայտվեր այդ «հինգերորդ շարասյունը»։
Ավելին՝ եթե դա կար, ապա օր առաջ պետք է բացահայտվեր, որպեսզի կանխվեր հետագա սաբոտաժը կամ ապակառուցողական գործունեությունը։ Իհարկե, դավաճանության առանձին դեպքեր եղել են, տեսել ենք հաղորդագրությունները, բայց արդեն երեք տարի է անցել, որեւէ մեկը գիտի՞, թե ովքեր են այդ «հինգերորդ շարասյան» մեջ գտնվողները, ինչքանով են կազմակերպված, ով է կազմակերպել, ով է հրահանգներ տալիս։
Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ հենց վաղը կարող է նոր պատերազմ սկսվել, բայց նախորդ պատերազմի եւ պարտության մեղավորներին դեռ չի բացահայտել։ Իսկ գլխավոր մեղավորը, կրկնում եմ, հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Որովհետեւ անգամ եթե այդ «հինգերորդ շարասյունը» եղել է, այն պետք է բացահայտվեր եւ ոչնչացվեր անմիջապես պատերազմի ընթացքում։ Ավելին, դա չէր կարող լինել պարտության պատճառ։ Այսօր ինքներդ կարող եք համոզվել, որ բազմաթիվ այլ երկրներում «հինգերորդ շարասյուները» չեն խանգարում, որ այդ երկրների իշխանություններն ու ժողովուրդները արդյունավետ պայքար մղեն հանուն իրենց ազատության ու անկախության։ Չի խանգարում, որովհետեւ մնացած «չորս շարասյուներն» արդյունավետ կազմակերպվում են, իսկ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարողացել է կազմակերպել մյուսներին՝ նրանց, ովքեր չեն եղել այդ՝ իր պատկերացրած շարասյան մեջ։ Կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել դա անել։
-Մի կողմից բանակը գլխատել, չզինել, չվերակառուցել, մյուս կողմից` հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից, ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից, վատթարացնել ռուս-հայկական հարաբերությունները, չխորացնել Իրանի հետ ռազմական համագործակցությունը: Միաժամանակ խոսել պատերազմի ու նոր էսկալացիայի մասին` հասարակությանը վախեցնելով նոր պատերազմով: Որքանո՞վ եք ռեալ համարում նոր պատերազմի վտանգը եւ ինչպե՞ս եք գնահատում բանակի վիճակն ու մեր պատրաստվածությունը նոր պատերազմին:
-Նոր պատերազմի վտանգի մասին մենք խոսել ենք նախորդի ավարտից անմիջապես հետո։ Այն պայմանները, որոնցով Փաշինյանը գնաց կապիտուլյացիայի, եւ այն օրակարգը, որ հնչեցնում էր Փաշինյանն արդեն երեք տարի, մեզ քայլ առ քայլ տանում են նոր էսկալացիայի։ Երբ մենք այս մասին խոսում էինք, Նիկոլը ժողովրդին վախեցնում էր, թե ընդդիմությունը պատերազմ է ուզում։ Երեկ արդեն ինքն իր ասուլիսում փաստացի նշեց, որ Ադրբեջանը թքած ունի իր առաջ քաշած օրակարգի վրա եւ ուզում է ստանալ այն ամենը, ինչ ինքն է ուզում, հակառակ դեպքում սպառնում է պատերազմով։ Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը հենց ինքն էր հայտարարել, որ չգիտի, թե որտեղ են վերջանում Ադրբեջանի ցանկությունները։ Այսինքն՝ Նիկոլը մեր երկիրը հասցրել է այնտեղ, որ կա՛մ պետք է բավարարենք Ադրբեջանի չվերջացող ցանկությունները, կա՛մ էլ այլընտրանքը պատերազմն է։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, Իրանի եւ մյուս երկրների հետ հարաբերություններին, ես բազմաթիվ անգամ ասել եմ եւ այսօր էլ կրկնում եմ, որ գործընկերների հետ անազնիվ, անհետեւողական ու չհաշվարկված հարաբերությունները ոչ միայն չեն նպաստում Հայաստանի ռազմաքաղաքական ներուժի ավելացմանը, այլեւ ուղիղ սպառնալիք են ստեղծում Հայաստանի, Արցախի եւ, առհասարակ՝ հայ ժողովրդի համար։