Սրանց իշխանության օրոք ոչինչ այլև չի զարմացնում․ Լիլիթ Գալստյան
ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ԳԱՂՏՆԻՈւԹՅԱՆ ՌԵԺԻՄՈւՄ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ԱՄԵՆ ԲԱՆ․ ԱՅՍՊԻՍԻՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆԻ ՁԵՌԱԳԻՐԸ
2022-ի նոյեմբերին վարչապետի հրամանով ստեղծվել է բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ, որը մինչև 2022 թ․ նոյեմբերի 30-ը ՀՀ վարչապետին պետք է ներկայացներ բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք՝ ներառելով մի շարք կարևոր ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության, կրթական ծրագրերի, ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման, համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների, բուհական (ֆիզիկական, բովանդակային և իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների վերաբերյալ։
Այսօր ԱԺ ԿԳՄՍԵ հանձնաժողովի նիստում նախարար Ժ․ Անդրեասյանից փորձեցի ճշտել, թե արդյոք այդ փաստաթուղթը կա, կամ, առհասարակ՝ ինչ ուսումնասիրություններ և հիմնավորումներ են ընկած բուհական և գիտական համակարգերը միաձուլելու արդեն ընթացող գործընթացների հիմքում։
Ժ․ Անդրեասյանը պատասխանն ավելի քան զարմացնող էր, թեև սրանց իշխանության օրոք ոչինչ այլև չի զարմացնում․«Այդ փաստաթուղթը, վերլուծական տեղեկանքը կա, բայց այն այս փուլում չի նախատեսվում հրապարակել»։
Անդրեասյանին և կառավարությանն, իհարկե կրծքով պաշտպանեց սկանդալային պահվածքով և սեռական հայհոյանքներով հայտնի Սիսակ Գաբրիելյանը՝ մոտավորապես նիկոլի հանգույն ասելով, թե ինչ-որ պետք է, այն էլ անում ենք։
Իսկ իրականում՝ առանց լուրջ հիմնավորումների և ուսունասիությունների վերաձևվվում և կազմաքանդվում է Հայաստանի կրթական և գիտական համակարգը, մեր ազգային հարստությունը»։