Մոսկվայում մեկնարկել է Պուտինի և Ասադի հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ աղբյուրի՝ Սիրիայի ղեկավարը Մոսկվա է ժամանել մարտի 14-ի երեկոյան։ Մարտի 15-ի առավոտյան նա ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ նրա հետ մշտական կապի մեջ է և որ երկու երկրների հարաբերությունները գնալով զարգանում են։
«Հարգելի պարոն նախագահ, ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել Մոսկվայում: Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Մենք մշտական կապի մեջ ենք, և մեր հարաբերությունները գնալով զարգանում են»,- ասել է Պուտինը:
Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կքննարկեն քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-սիրիական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցեր, ինչպես նաև Սիրիայում և նրա շուրջ իրավիճակի համապարփակ կարգավորման հեռանկարները։
Վերջին անգամ Վլադիմիր Պուտինն ու Բաշար ալ-Ասադը հանդիպել են 2021 թվականի սեպտեմբերին, երբ Սիրիայի նախագահն այցելել էր Մոսկվա: