Իսպանիայի 17-ամյա գահաժառանգ արքայադուստր Լեոնորը զինվորական ծառայության կանցնի
Իսպանիայի թագավորի ավագ դուստրը՝ Աստուրիայի արքայադուստր Լեոնորը, պատրաստվում է գնալ զինվորական ծառայության։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
17-ամյա արքայադուստրը բանակում կծառայի օգոստոսից։ Ապագա թագուհու զինվորական պատրաստությունը կտևի երեք տարի։
«Ինչպես բոլոր խորհրդարանական միապետություններում, գահաժառանգը պետք է ունենա զինվորական անցյալ և բանակային կարիերա»,- տեղեկությունը մեկնաբանել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։
Արքայադուստրն առաջին տարին կանցկացնի Սարագոսայի բարձրագույն ռազմական ակադեմիայում, իսկ երկրորդ տարին՝ ծովային դպրոցում, որտեղ, մասնավորապես, ուսուցում կանցնի Խուան Սեբաստիան դե Էլկանո նավի վրա։ Ծառայության երրորդ տարում գահաժառանգը կսովորի Գլխավոր ռազմաօդային ակադեմիայում։
Այս պահին միապետի դուստրը սովորում է Մեծ Բրիտանիայում։ Հոկտեմբերի 31-ին նա կդառնա 18 տարեկան։
Արքայադուստր Լեոնորը ծնվել է 2005 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը իսպանական գահի իրավահաջորդների շարքում: