Լեոնարդո դա Վինչիի մայրը Կովկասի լեռներից բերված ստրուկ էր. իտալացի պրոֆեսոր
Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ Լեոնարդո դա Վինչին միայն կիսով չափ էր իտալացի, քանի որ նրա մայրը, ինչպես պարզել է գիտնականներից մեկը, Կովկասի լեռներից բերված ստրուկ էր. այս են վկայում նոր հետազոտության արդյունքները:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Daily Mail-ը, դա Վինչիի մայրը վաղուց համարվում էր տոսկանացի գյուղացի, սակայն Նեապոլի համալսարանի պրոֆեսոր Կառլո Վեչեն, որը դա Վինչիի գծով մասնագետ է, կարծում է, որ ճշմարտությունն ավելի բարդ է:
«Լեոնարդոյի մայրը չերքեզ ստրուկ էր, որը բերվել էր Կովկասյան լեռներում գտնվող իր տնից, մի քանի անգամ վաճառվել և վերավաճառվել Կոստանդնուպոլսում, այնուհետև Վենետիկում, նախքան Ֆլորենցիա ժամանելը», - ասել է պրոֆեսորը նոր գրքի շնորհանդեսի ժամանակ: Իտալական քաղաքում նա հանդիպել է երիտասարդ նոտար Պիետրո դա Վինչիին, արդյունքում նրանք ունեցել են որդի, որին անվանել են Լեոնարդո:
Տասնամյակներ շարունակ դա Վինչիի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Վեչեի բացահայտումները հիմնված են Ֆլորենցիայի քաղաքային արխիվների վրա: Դրանք հիմք են հանդիսացել Վեչեի՝ «Լեոնարդոյի մոր՝ Կատերինայի ժպիտը» վերտառությամբ նոր վեպի համար:
Պարբերականը նկատում է, որ դա Վինչիի մասին ցանկացած նոր բացահայտում բուռն կերպով վիճարկվում է փորձագետների փոքր համայնքի կողմից, բայց Վեչեն պնդում է, որ ապացույցներ կան: Նրա գտած փաստաթղթերից է դա Վինչիի հոր կողմից գրված փաստաթուղթը, որը Կատերինայի էմանսիպացիայի օրինական փաստաթուղթն է՝ «իր ազատությունը և մարդկային արժանապատվությունը վերականգնելու համար»: Այս փաստաթուղթը թվագրված է 1452 թվականին և ներկայացվել է երեքշաբթի Ֆլորենցիայում Giunti հրատարակչության գլխավոր շտաբ բնակարանում կայացած մամուլի ասուլիսում։
Վեչեի պնդումն արմատական փոփոխություն է մտցնում դա Վինչիի կենսագրության հարցում. ըստ ընդունված կարծիքի՝ նա համարվում է Պիետրո դա Վինչիի և երիտասարդ տոսկանացի գյուղացի Կատերինա դի Մեո Լիպիի որդին: