Հյուսիսային Կորեան հայտնել է միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակման մասին
Հյուսիսային Կորեան մարտի 14-ին արձակել Է միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռ, այսօր հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Նշվում է, որ արձակված հրթիռները եղել են «երկիր-երկիր» դասի։ Դրանք արձակվել են Չանյոնի գավառի շրջանից՝ զորավարժությունների շրջանակներում, և խոցել են պայմանական թիրախը մոտ 611 կմ հեռավորության վրա։
Հիշեցնենք՝ մարտի 14-ին տեղական ժամանակով 07:41-ից մինչև 07:51-ը (Երևանի ժամանակով 02:41-ից մինչև 02:51-ն) ընկած ժամանակամիջոցում փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ Էր արձակվել ԿԺԴՀ-ի Հվանհաե-Նամդոյի նահանգի Չանյոնի շրջանից դեպի Ճապոնական ծով: Ավելի վաղ այդ շրջանից բալիստիկ հրթիռների արձակումներ չէին գրանցվել։
Մարտի 13-ին Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները սկսել են Freedom Shield համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները: Հյուսիսային Կորեան դատապարտել է այդ զորավարժությունները՝ դրանք որակելով որպես իր դեմ պատերազմի փորձ:
Փհենյանը զորավարժությունների շրջանակներում մարտի 12-ին սուզանավից երկու ռազմավարական թևավոր հրթիռ էր արձակել։