Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կործանիչները ռուսական ինքնաթիռ են որսացել
Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կործանիչները մարտի 14-ին Էստոնիայի օդային տարածքի մոտ ռուսական ինքնաթիռ են որսացել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Երկու Typhoon կործանիչները որսացել են Իլ-78 լիցքավորող ինքնաթիռը, որը թռչում էր Սանկտ Պետերբուրգի և Կալինինգրադի միջև։ Հաղորդվում է, որ ռուսական ինքնաթիռն Էստոնիայի ավիակարգավարների հետ կապ չի հաստատել։
Բրիտանիայի և Գերմանիայի ռազմաօդային ուժերը պլանային հերթապահություն են իրականացնում տարածաշրջանի ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքում: Ըստ BBC-ի՝ ռուսական ինքնաթիռը որսալու գործողությունը սովորական բնույթ է կրում, սակայն սա բրիտանական և գերմանական օդուժի առաջին նման համատեղ գործողությունն է։
Իլ-78-ը որսալուց հետո երկու Typhoon կործանիչներն ուղարկվել են՝ որսալու Ան-148 ինքնաթիռը, որը նույնպես, ըստ պարբերականի, թռչում էր Էստոնիայի օդային տարածքի մոտ:
Նման միջադեպ է տեղի ունեցել Սև ծովի երկնքում ռուսական Սու-27 ինքնաթիռների կողմից MQ-9 Reaper հետախուզական ԱԹՍ-ն որսալու ֆոնին:
Հիշեցնենք՝ ամերիկյան կողմը նշում է, որ իր MQ-9 Reaper հետախուզական ԱԹՍ-ն բախվել է ռուսական Սու-27 կործանիչների հետ Սև ծովի միջազգային օդային տարածքում, այնուհետև ընկել է ջուրը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է բախման մասին տեղեկությունը և պնդում, որ անօդաչու թռչող սարքն անջատված հաղորդիչներով թռչում էր դեպի Ղրիմի թերակղզի։