Իլոն Մասկն իր աշխատողների համար առանձին քաղաք է կառուցում. հրապարակվել են առաջին լուսանկարները
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է Տեխասում կառուցվող Սնեյլբրուք (Snailbrook) քաղաքի առաջին լուսանկարները. այն կառուցվում է միլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկի նախաձեռնությամբ՝ նրան պատկանող SpaceX, Tesla և Boring ընկերությունների աշխատողների համար:
Քաղաքը կառուցվում է Օսթինի արվարձաններում, որտեղ Մասկը նաև SpaceX-ի և Boring-ի նոր գործարաններ է կառուցում:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է պարբերականը, ուտոպիստական քաղաք համարվող Սնեյլբրուքում կլինեն փոքր տներ, որոնք ընկերությունների աշխատողները կկարողանան վարձակալել ամսական 800 դոլարով, ինչը, ըստ աղբյուրի, տեղի անշարժ գույքի վարձակալման աճող գներից շատ ավելի մատչելի է:
Ըստ միլիարդատիրոջ մտահղացման՝ իր ընկերությունների աշխատողները կապրեն միանգամայն նոր տներում՝ կառուցված Կոլորադո գետի կողքին ձեռք բերված գյուղատնտեսական հողերում:
Բացի այդ, Daily Mail-ի տրամադրության տակ են հայտնված լուսանկարներից երևում է, որ քաղաքում կլինեն սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները: Ընդհանուր առմամբ, քաղաքում կլինի 110 տուն, 2 մեծ պահեստ, կանաչապատ տարածքներ և խաղահրապարակներ: