ՊՍԺ-ը ժամանակավորապես դադարեցրել է Մեսսիի և Ռամոսի հետ պայմանագրերը երկարաձգելու բանակցությունները
ՊՍԺ-ն կսպասի մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի վերսկսի բանակցությունները հարձակվող Լիոնել Մեսսիի և պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայմանագրերը երկարաձգելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը՝ հղում կատարելով L’Équipe-ին։
ՊՍԺ-ում բազմիցս խոսել են Մեսսիին պահելու վճռականության մասին, ում ծառայություններով հետաքրքրված են MLS-ի և Մերձավոր Արևելքի ակումբները։ Ռամոսի ապագան Փարիզում անորոշ է, քանի որ Միլան Շկրինյարի ժամանումն այս ամառ ավելացնում է մրցակցությունը պաշտպանությունում:
Սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակն էլ ավելի է բարդացել՝ կապված ֆինանսական ֆեյր-փլեյի (FFP) կանոնների մեջ չտեղավորվող ֆրանսիական գրանդի դեմ նոր պատժամիջոցների սպառնալիքի հետ։
Ակումբը վերջերս գրանցել է տարեկան 400 միլիոն եվրոյի կորուստ և կփորձի կրճատել աշխատավարձի բյուջեն առաջիկա շաբաթների ընթացքում, այնպես որ Մեսսին և Ռամոսը (երկուսն էլ կամ մեկը) կարող են դառնալ ակումբի նոր տնտեսական քաղաքականության զոհը:
Նրանց հետ բանակցությունները շարունակվում են ոչ պաշտոնական ձևով, սակայն նոր պայմանագրեր կարող են կնքվել միայն կազմի և ֆինանսների վերակազմավորման վերաբերյալ կարդինալ որոշումների ընդունումից հետո։
Աղբյուր ArmSport.am