Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են հացահատիկի գործարքի երկարաձգման մասին
Հացահատիկի գործարքը երկարաձգվել է 60 օրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Մեր փոխնախարարը (խմբ.՝ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը), որը վարում է այդ գործարքը, երեկ հայտարարություն է արել: Իրոք, գործարքը երկարաձգվել է, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այն երկարաձգվի 60 օրով։ Կրկին վերահաստատվել Է դրա փաթեթային բնույթը», - ասել է Գրուշկոն։
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան համառորեն կձգտի, որպեսզի Ռուսաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարվեն, այն է՝ վերացվեն ուղղակի և անուղղակի բոլոր պատժամիջոցները՝ կապված ռուսական գյուղատնտեսական արտադրանքը համաշխարհային շուկաներ արտահանելու հետ:
«Խոսքը վերաբերում Է ոչ միայն փոխադրմանը, արտասահմանյան նավահանգիստներ մեր նավերի մուտքի հնարավորությանը, (այլև) ապահովագրությանը, ինչպես նաև այն հարցերի լուծման անհրաժեշտությանը, որոնք անմիջականորեն կապված են մեր երկրում հացահատիկի արտադրության և մշակման հետ, - նշել Է նա: - Դրանք համապատասխան տեխնոլոգիաների, պահեստամասերի, զանազան գյուղտեխնիկայի մատակարարումներն են և այլ հարցեր»։
ՌԴ փոխարտգործնախարարը լրագրողների հետ կայացած զրույցում նշել է, որ հացահատիկի գործարքը կերկարաձգվի այն պայմաններով, որոնք սահմանվել են ավելի վաղ։
«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մեզ համար գլխավորն այն խոստումների, պարտավորությունների լիարժեք կատարումն է, որոնք նրանք ստանձնել են (խմբ.՝ ռուսական արտադրանքի արտահանման վերաբերյալ): Այդ իմաստով ոչինչ չի փոխվում մեզ համար, և մենք համառորեն կաշխատենք ու մեր գործընկերներին կստիպենք կատարել ստանձնած պարտավորությունները», - ասել է Գրուշկոն։
Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունից գյուղմթերքների արտահանման սահմանափակումների վերացման գործընթացն ընթանում է, բայց դանդաղ։
«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ գործընթացն ընթանում է, բայց շատ դանդաղ: Մինչ այժմ մի ամբողջ շարք երկրների նավահանգիստներում են գտնվում մեր պարարտանյութերը, որոնք մենք պատրաստ ենք անվճար մատակարարել ամենաաղքատ երկրներին: Ստեղծվում են արհեստական խոչընդոտներ ու ձգձգումներ», - ասել Է նա: