Լուկաշենկոն և Ռայիսին հանդիպել են
Թեհրանում կայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, հայտնում է BelTA գործակալությունը։ Սա Բելառուսի նախագահի երրորդ այցն է Իրան։ Վերջինը տեղի է ունեցել 17 տարի առաջ։ Այդ ընթացքում պետությունների ղեկավարները հանդիպել են Դուշանբեում՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում և ուղիղ մեկ տարի անց՝ Սամարղանդում։
Սպասվում են նաև Բելառուսի նախագահի բանակցություններն Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, ինչպես նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
«Թեհրանում բանակցությունների հիմնական թեման կլինի երկկողմ հարաբերությունների փոխգործակցության զարգացումը՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության վրա: Կողմերը կքննարկեն նախագծերի իրականացումն արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տիրող իրավիճակին»,- հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: