«Կխփեմ ուշքդ կեթա». ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գեւորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից
Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել՝ կապված նախօրեին ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ կապված միջադեպին:
Ստորեւ ներկայացնում ենք ոստիկանության հաղորդագրությունն ու տեսանյութը.
«Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:
Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:
Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է:
Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:
Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:
Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։
Ըստ ոստիկանության՝ Պետրոսյանը չէր ենթարկվել պարեկային ծառայության աշխատակիցների պահանջին: