Մալայզիացի ամուսինները քիչ է մնացել դիակիզեն անծանոթին իրենց որդու փոխարեն
Մալայզիայում ամուսնական զույգը գրեթե դիակիզել է անծանոթի մարմինը՝ նրան շփոթելով իր հանգուցյալ որդու հետ: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է New Straits Times-ը։
45-ամյա Չանտրենն ասել է, որ իր որդուն ձերբակալել են փետրվարի 28-ին և բանտում պահել: Մի քանի օր անց ընտանիքին հայտնել են, որ բանտարկյալը ուշաթափվել է և մահացել։
«Մարտի 3-ին գնացինք հիվանդանոց։ Բայց մեզ թույլ չտվեցին տեսնել դիակը։ Ասացին, որ դիահերձումն արդեն արված է, և խորհուրդ տվեցին հաջորդ օրը վերադառնալ։ Մենք այդպես էլ արեցինք: Երբ մենք ստորագրեցինք փաստաթղթերը, մեզ վերջապես թույլ տվեցին տեսնել դիակը»,- ասել է տղամարդը։
Հարազատները մահացածին չեն ճանաչել, սակայն իրենց որդու հետ նմանության բացակայությունը վերագրել են արտաքին տեսքի հետմահու փոփոխություններին։
«Վիրահատության հետքեր և կարեր կային նրա գլխին», – ասել է Չանտրենը:
Նա իր հարազատների հետ դիակը տուն է բերել ու պատրաստել դիակիզման։ Հաջորդ օրը՝ դիակիզումից քիչ առաջ, հիվանդանոցից կրկին զանգ են ստացել և հայտնել, որ սխալ դիակ են վերցրել։
Պարզվել է, որ աճյունը պատկանում է Չանտրենի որդու խցակցին, ով մահացել է թոքային անբավարարությունից։
«Նրանք ասացին, որ մեր տղան ողջ է և խնդրեցին, որ կապվենք իրենց հետ տեսակապով», – ասել է տղամարդը:
Ընտանիքը ցնցված էր այս լուրից։
«Մեր որդուն ձերբակալեցին, հետո հայտնեցին, որ մահացել է, հետո պարզաբանեցին, որ ողջ է։ Այդ ամենը մեզ շատ շփոթեցրեց»,- ասել է Չանտրենը:
Նա ընդգծել է, որ ընտանիքը ստիպված է եղել վճարել մոտ 20 հազար մալայզիական ռիգիտ (337,4 հազար ռուբլի) վրան վարձելու, սննդի ծառայությունների և դիակիզման համար։
Ձերբակալված տղամարդու մայրը՝ 48-ամյա Պարամեյսվարին, բողոք է ներկայացրել ոստիկանություն։ Նա ցանկանում է, որ իշխանությունները պարզեն, թե ինչ է տեղի ունեցել:
«Բանավոր պատասխանը մեզ չի բավարարի։ Գրավոր բացատրություններ ենք ուզում։ Մենք ուզում ենք տեսնել մեր որդուն, որպեսզի համոզվենք, որ նա ողջ է: Սրանք կատակներ չեն, այլ բառացիորեն կյանքի ու մահվան հարց»,- ընդգծել են ծնողները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Աֆրիկայի Մտատա քաղաքի բնակիչները սխալմամբ թաղել են անծանոթի իրենց կորած որդու փոխարեն, որին հաջողվել է վերադառնալ հուղարկավորությունից չորս ամիս անց։ Ընտանիքը դեռ չգիտի, թե ում է թաղել։