Ջարեդ Լետոն՝ վատագույն դերասան, «Ոսկե ազնվամորի»-ի կազմակերպիչները՝ վատագույն դերասանուհի․ ԱՄՆ-ում կայացել է տարվա վատագույն ֆիլմերի մրցանակաբաշխությունը
Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում է «Օսկար» հեղինակավար մրցանակաբաշխության նախօրեին։ Հակամրցանակի «դափնեկիրներն» արդեն հայտնի են։
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «վատագույն ֆիլմ» անվանակարգում «Ոսկե ազնվամորի» մրցանակին է արժանացել Մերլին Մոնրոյի կյանքի մասին պատմող «Շիկահերը» դրաման։ Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Էնդրյու Դոմինիկը «Ոսկե ազնվամորի» է ստացել նաև «վատագույն սցենար» անվանակարգում։
«Տարվա վատագույն դերասան» է ճանաչվել Ջարեդ Լետոն «Մորբիուս» ֆիլմում կերտած իր կերպարի համար։
«Վատագույն դերասանուհի» անվանակարգում հակամրցանակը շնորհվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության կազմակերպիչներին, այն բանից հետո, ինչ նրանք վերոնշյալ անվանակարգում առաջադրել էին 12-ամյա դերասանուհի Ռայան Կիրա Արմսթրոնգին։ Ավելի ուշ նրա անունը հեռացվել էր հակամրցանակի հավակնորդների ցանկից։ Այս միջադեպից հետո մրցանակաբաշխության կազմակերպիչները ներողություն են խնդրել՝ խոստանալով այլևս երբեք «Ոսկե ազնվամորի» մրցանակի չառաջադրել 18 տարին չլրացած դերասաններին։
«Երկրորդ պլանի վատագույն դերասան» անվանակարգում հակամրցանակի է արժանացել Թոմ Հենքսը («Էլվիս»), իսկ «Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի» անվանակարգում՝ Ադրիա Արխոնան («Մորբիուս»)
Դերասան Քոլին Ֆարելը հատուկ «Ոսկե ազնվամորի» մրցանակ է ստացել «Ինիշերինի Բանշիները» ֆիլմում նկարահանվելու շնորհիվ իր հեղինակությունը վերականգնելու համար։ Այս ֆիլմում իր դերի համար դերասանն առաջադրվել է «Օսկարի»։