Բժշկական սխալի պատճառով անդամահատել են 10 ամսական տղայի ոտքը
Մալթայում բժշկական սխալի հետևանքով ստիպված են եղել անդամահատել Ավստրալիայի Մելբուրն քաղաքից 10 ամսական Զեյն Շոգունայի ոտքը: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է 7News-ը։
2022 թվականի նոյեմբերին տղան հիվանդանոց է ընդունվել բրոնխիոլիտով։ Երեխային բուժող բժիշկները նրա համար կենտրոնական երակային կաթետր են տեղադրել և պատահաբար վնասել զարկերակը։ Նրա մոր՝ Ջոաննա Շոգունայի խոսքով, ոտքը անմիջապես գունատվել ու սառել է։ Երեխայի մոտ թրոմբ է առաջացել, ուստի նրան արյունը նոսրացնող միջոց են տվել։
Տղան ևս մի քանի օր անցկացրել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, սակայն նրա վիճակը շարունակել է վատանալ։
«Չորրորդ օրն ինձ ասացին, որ նրանք չունեն մանկական անոթային վիրաբույժ, ուստի մենք պետք է գնանք Մեծ Բրիտանիա՝ Զեյնին բուժելու համար», – ասել է Ջոանը:
Ընտանիքը օդային շտապօգնության մեքենայով թռել է Լոնդոն, իսկ երեխային շտապ վիրահատել են՝ արյան հոսքը վերականգնելու համար: Չնայած դրան՝ բժիշկները որոշել են անդամահատել ոտքը՝ մկանների և հյուսվածքների լայնածավալ վնասվածքի պատճառով։
«Սիրտս կոտրվում է… Կարծում եմ, մալթացի բժիշկները կործանեցին նրա կյանքը»,- ասում է մայրը:
Զեյնի ծնողները տուն են վերադարձել Ավստրալիա և բողոք են ներկայացրել հիվանդանոցի դեմ, որտեղ տղան բուժվում էր։ Նրանք բժիշկներին մեղադրել են անփութության մեջ՝ պատճառաբանելով, որ նրանք պետք է ժամանակին տեղեկացնեին զարկերակի վերականգնման վիրահատության անհրաժեշտության մասին։
Ջոանը նշել է, որ չնայած վերջույթի կորստին, Զեյնը ակտիվ է։
«Ես պարզապես հուսով եմ, որ երբ նա մեծանա, ամեն ինչ լավ կլինի: Ես նկարում էի նրա ոտքերը և միշտ կհիշեմ այդ նկարները։ Ես շնորհակալ եմ, որ նա մեզ հետ է։ Ես ուզում եմ, որ նա մեծանա և անի այն, ինչ ուզում է»,- ասել է նա: