Պիզայի աշտարակի չափ աստղակերպը կարող է Երկրին բախվել 2046 թվականին. NASA
NASA-ի գիտնականները հայտարարել են, որ հսկայական աստղակերպը կարող է բախվել Երկրին 2046 թվականին:
Տիեզերական մարմինը, որը ստացել է DW 2023 անվանումը, նկատել են փետրվարի 28-ին, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Daily Mail-ը։ Այն չափերով համեմատելի է Պիզայի աշտարակի հետ։ 2046 թվականի փետրվարի 14-ին Երկրի վրա ընկնելու հավանականությունը գնահատվում է 1/560-ը:
Ընդ որում, դեռ հայտնի չէ, թե ուր կարող է ընկնել աստղակերպը. ենթադրյալ ռիսկային գոտին ձգվում է Հնդկաստանից մինչև Խաղաղ օվկիանոս և արևմուտքից մինչև ԱՄՆ-ի արևելյան ափ:
Աստղակերպի երկարությունը մոտ 50 մետր է։ Գիտնականները կարծում են, որ այն կարող է վնաս պատճառել, որը համեմատելի է Տունգուսկայի երկնաքարի հետևանքների հետ: Վերջինս 12 մեգատոն հզորությամբ պայթյուն է առաջացրել և տապալել 80 մլն ծառ։ Երջանիկ զուգադիպությամբ երկնաքարն ընկել է նոսր բնակեցված գոտում։ Եթե համեմատելի չափի օբյեկտը ընկնի մարդաշատ մեգապոլիսի վրա, հետևանքները աղետալի կլինեն, հայտարարել են NASA-ում:
Գիտնականները նշել են, որ նրանց կպահանջվի ևս մի քանի շաբաթ ՝ աստղակերպի ուղեծիրը ճշգրիտ հաշվարկելու համար: Հնարավոր է, որ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո օբյեկտը ճանաչվի անվտանգ: