Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանի դեսպանին բողոքի նոտա է փոխանցել
Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին շաբաթ օրը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն: Նրան բողոքի նոտա է փոխանցվել՝ կապված երկու երկրների պետական սահմանին իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների հետ: Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։
«Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից մինչև 10:26-ը անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ Զանգելանից մինչև Բիլասուվարի շրջան և հակառակ ուղղությամբ։ Ինքնաթիռը թռչում էր երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորությամբ, իսկ որոշ դեպքերում՝ հենց պետական սահմանի վրայով»,- ասվում է հաղորդագրության մեջ։