Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքի մարզում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Արդյունավետ էր Գավառի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։ Գավառի բաժնում արձանագրվել է նաև հրացանի կամավոր հանձնման դեպք։ Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ արձանագրվել է ակոսափող հրազենի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև բաժնի հերթապահ մասի ծառայողներն ու համայնքային ոստիկանները՝ արդյունքում ատրճանակի ու ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Մարտունու բաժնում համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է հրացանի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Ծովինար գյուղի բնակիչներից մեկը։ Արդյունավետ էր նաև Ճամբարակի ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է 3 դեպք։ Կամավոր հանձնել են ողորկափող ու ակոսափող հրացաններ, ռազմամթերք։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Գեղարքունիքի պարեկները, ինչի շնորհիվ Սևանի բաժնում արձանագրվել է ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Նռնակը, փամփուշտներն ու փամփշտատուփերը բաժին էր բերել Սևանում բնակվող մի տղամարդ։
Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։