Լինեկերը հեռացվել է BBC-ի հաղորդավարի պաշտոնից
Գարի Լինեկերին հեռացրել են BBC-ի հաղորդավարի պաշտոնից քաղաքական ելույթի համար:
Անգլիացի նախկին ֆուտբոլիստը դեմ է արտահայտվել Բրիտանիայում անօրինական միգրանտների մասին օրինագծին, որը ներառում է նման միգրանտներին ապաստան տրամադրելու անկարողությունը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից անօրինական միգրանտների արտաքսումը, որին հաջորդում է երկիր մուտքի արգելքը և ապագայում քաղաքացիություն ստանալու անհնարինությունը։ Լինեկերը կառավարության հռետորաբանությունը համեմատել է 1930-ականների Գերմանիայի հետ։
BBC-ից, որտեղ Լինեկերը վարում է «Match of the Day» հանրահայտ ֆուտբոլային շոուն, հայտարարել են, որ Գարին չի մասնակցի շոուին, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել նրա կողմից սոցիալական մեդիայի օգտագործման վերաբերյալ:
«BBC-ն խոսեց Գարիի և նրա թիմի հետ: Մենք հայտարարել ենք, որ սոցիալական ցանցերում նրա վերջին գործունեությունը համարում ենք մեր քաղաքականության խախտում։
BBC-ն որոշել է, որ նա չի վարի «Match of the Day»-ը, քանի դեռ մենք համաձայնեցված և հստակ դիրքորոշում չունենանք նրա կողմից սոցիալական մեդիայի օգտագործման վերաբերյալ:
Գարին հավասարը չունի ֆուտբոլի և սպորտի լուսաբանման մեջ: Մենք երբեք չենք ասել, որ Գարին չի կարող կարծիք ունենալ, կամ չի կարող տեսակետ արտահայտել իր համար կարևոր հարցերի վերաբերյալ, այլ ասել ենք, որ պետք է հեռու մնա կուսակցական քաղաքական հարցերից կամ քաղաքական վեճերից», – նշված է BBC-ի մամուլի ծառայության հայտարարությունում։
Աղբյուր ArmSport.am