Աշխատանքի չգնալու համար հայտնել է, թե աշխատավայրում ռումբ կա (լուսանկար)
Ամերիկացին զանգահարել է ֆիտնես-ակումբի ադմինիստրացիա՝ ռումբ պայթեցնելու սպառնալիքով։ Mediahub-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է FOX6-ը, պարզվել է, որ զանգահարողը ակումբի աշխատող է և զանգահարել է, քանի որ պարզապես չի ցանկացել աշխատանքի գնալ։
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ 2023 թվականի փետրվարին Միլուոկի մարզիկների ակումբը հեռախոսազանգ է ստացել մի տղամարդուց, որը սպառնացել է պայթեցնել Վիսկոնսին նահանգի Միլուոկիի կենտրոնում գտնվող ակումբի 13-հարկանի շենքը։
Ակումբի աշխատակիցները դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը, շենքը շրջափակվել է, դեպքի վայր են ժամանել սակրավորներ, ովքեր ակումբի տարածքում պայթուցիկ չեն հայտնաբերել։
«Ես ռումբ դրեցի շենքում։ Դուք մեկ ժամ ունեք տարհանվելու համար, թե չէ ես կպայթեցնեմ այն»,- ասել էր տղամարդը:
Ոստիկանությունը հայտնաբերել է զանգահարողին հեռախոսահամարի միջոցով։ Պարզվել է, որ դա 24-ամյա Ավեոն Ջեյմսն է։ Ավելի ուշ պարզվել է, որ նա աշխատում է Միլուոկի մարզիկների ակումբում և այդ օրը չի ներկայացել աշխատանքի:
Ձերբակալության ժամանակ Ջեյմսը ներողություն է խնդրել ռումբի մասին կեղծ հաղորդման համար։ Նա նաև խոստովանել է, որ դա արել է, որպեսզի խուսափի այդ օրը աշխատանքի գնալուց։
Ջեյմսին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն կատարելու սպառնալիքի համար։ Մարտի 3-ին տեղի է ունեցել գործով առաջին դատական նիստը։