Բժիշկները 1-ամյա աղջկա գլխուղեղից հանել են նրա երկվորյակի պտուղը
Չինացի վիրաբույժները 1 տարեկան աղջկա գլխուղեղից հեռացրել են նրա երկվորյակի պտուղը։ Հազվագյուտ անոմալիայի մասին Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Mail-ը։
Մոտ 10 սմ երկարությամբ պտուղը հայտնաբերել են աղջկա գլխուղեղում, երբ ծնողները նրան հիվանդանոց են տեղափոխել գանգի մեծացման և շարժողական խնդիրների պատճառով:
Բժիշկները նշել են, որ պտղի մոտ առաջացել են վերին վերջույթներ, ոսկրեր և նույնիսկ եղունգներ։ Սա նշանակում է, որ այն, հավանաբար, մի քանի ամիս շարունակ աճել է քրոջ օրգանիզմում: Դա հնարավոր էր, քանի որ պտղի արյունատար համակարգը միացված էր աղջկա արյան շրջանառության համակարգին:
«Պտուղը պտղի մեջ»՝ երբ երկվորյակները միաձուլվում են արգանդում, և մեկը ֆիզիկապես զարգանում է մյուսի ներսում: Փաստագրված է «պտղի մեջ պտղի» ընդամենը 200 դեպք: Դրանք հայտնաբերվել են կոնքի, բերանի, աղիների և նույնիսկ ամորձու շրջանում։ Գլխուղեղի հետ կապված ընդամենը 18 դեպք կա։ Դրանք սովորաբար հայտնաբերվել են նորածինների մոտ, սակայն մի քանի դեպքեր են գրանցվել մեծահասակների մոտ: Վիրահատությունից հետո հիվանդները սովորաբար լիովին ապաքինվում են:
Գլխի մեծացումը կապված է ուղեղում հեղուկի կուտակման հետ, որը կարող է առաջացնել ուժեղ քնկոտություն և ցնցումներ: