«Քովիդի գործով» հարցաքննվում են առողջապահության նախարարության բազմաթիվ աշխատակիցներ, փոխքաղաքապետը ձերբակալվել է
Aysor.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտե են հրավիրվել և հարցաքննվում են ՀՀ առողջապահության նախարարության և կից ստորաբաժանումների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք նախկինում ներգրավված են եղել Covid համավարակի ժամանակ հիվանդների բուժման կազմակերպման և պետական միջոցների բաշխման գործընթացում։
Մեր տեղեկություններով՝ կոմիտեում մի շարք վարույթներ են հարուցվել վերոնշյալ գործով, որոնք վերաբերում են բազմաթիվ չարաշահումներին, գումարների ձևական դուրսգրմանն ու յուրացմանը, երբ հիվանդներին գրանցել են որպես ստացիոնար բուժում ստացող, սակայն փաստացի նրանք չեն եղել հիվանդանոցում, իսկ հոսպիտալացման կարիք ունեցողները զրկվել են ստացիոնար բուժումից։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր խուզարկություն է իրականացրել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա փոխնախարար էր Արսեն Թորոսյանի՝ աոռղջապահության նախարար եղած ժամանակ։
Aysor.am-ի տեղեկություններով՝ Գևորգ Սիմոնյանը ձերբակալվել է։
Չի բացառվում, որ նույն գործով մեղադրվողների շարքում կարող է հայտնվել Արսեն Թորոսյանը, իսկ գլխավոր դատախազությունը կարող է միջնորդություն ներկայացնել ԱԺ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով։
Aysor.am-ը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ մանրամասներ ստանալու համար։ Դրանք լինելուն պես կներկայացնենք։