Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ հայ մարդը գաղափարներ քննարկելու մեծ պահանջ ունի. Ռուբեն Վարդանյան
Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ հայ մարդը գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու մեծ պահանջ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց մարտի 10-ին՝ «Ապագա հայկականը» համաժողովին Արցախից տեսակապով միացած «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ սուտ է, թե հայը մտածում է միայն ուտելու մասին, հայն ունի գաղափարների շուրջ քննարկումներ մեծ պահանջ: Նա պիտի հավատա և դրա համար պիտի իմանա, որ ինքը կարևոր է՝ որպես անձ: Դա չես կարող անել խանութները սնունդ լցնելով, կարևոր է գաղափարը, առանց դրա ոչինչ չի ստացվելու մեզ մոտ»,- ընդգծեց Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանը նշեց, որ կա պատասխանատվություն և՛ զոհված զինծառայողների, և՛ մեր սերնդի առջև. «Մենք նրանց պետք է փոխանցենք ոչ թե ավտոմեքենաներ ու տներ, այլ արժանապատիվ հայկական ազգային արժեքներով կյանք»:
Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Վարդանյանն ասաց, որ խորհրդանշանական է այս օրը միջոցառման բացումն իրականացնելը. «Ութ տարի առաջ Նուբար Աֆեյանի, Վարդան Գրիգորյանի հետ մենք սկսեցինք Ավրորայի մեր երկարաժամկետ ճանապարհը»:
«Եվ ես վստահ եմ, որ մեր այսօրվա միջոցառումը, որինց ցավոք ես չեմ կարող ներկա գտնվել, շատ կարևոր դեր է խաղալու ապագայի համար և տալու է շատ կարևոր հարցերի պատասխաններ: Շատ կարևոր է հարգանքը դեպի գիտելիքը, դեպի աշխատանքը, դեպի ազգային ավանդույթներն ու արժեքները, ես վստահ եմ՝ առանց դրանց ոչ մի բան չի ստացվի»,- ասաց Վարդանյանը: