14-րդ հարկից շանը նետած կնոջից խլել են երկու երեխաներին
Ոստիկանությունը երկու փոքր երեխայի է առգրավել Կրասնոյարսկի բնակչուհուց, ով իր շանը 14-րդ հարկից նետել է։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոյարսկի երկրամասի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։
«Բնակարանում ոստիկանները հայտնաբերել են շան տիրոջը ուժեղ ալկոհոլային հարբածության մեջ։ Նրա երկու մանկահասակ երեխաները (2018 և 2021 թվականներին ծնված) նույնպես առանց հսկողության էին»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Կրասնոյարսկի տներից մեկի բնակիչներից ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ բարձրահարկ շենքի պատուհանների տակ սատկած շուն է հայտնաբերվել։ Ենթադրաբար տերը շանը պատուհանից դուրս է նետել 14-րդ հարկի բնակարանից։ Ոստիկաններն առգրավել են կենդանու մարմինը և ուղարկել հետազոտության՝ պարզելու մահվան պատճառը։ Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկաններն այցելել են շան տիրոջը։
Քննության տվյալներով՝ ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 1995 թվականին ծնված կնոջ նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Երեխաներին տեղավորել են սոցիալական հաստատություններում։