Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին խոշոր չափերի դրամական փոխանցումները շարունակվում են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամին 2020-ի պատերազմից հետո արված հանգանակություններն էականորեն նվազել էին։ Իսկ վերջին շրջանում կրկին խոշոր չափերի դրամական փոխանցումներ են արվել, չնայած դրանց մեծ մասը՝ անանուն է։ Հիմնադրամին գումարներ են փոխանցել անհատներ Արմեն Ղազարյանը՝ 5 մլն դրամ, Ալբերտ Պողոսյանը՝ 25 հազար դոլար, Ղեւոնդ Էմյանը՝ 5 մլն դրամ, Ներսես Սիմոնյանը՝ 5 հազար դոլար։ Հայտնի չէ, թե ովքեր են այս մարդիկ եւ ինչ նկատառումներից ելնելով են վարչապետի կնոջ գրասենյակին փող փոխանցում։
Հակոբյանի հիմնադրամին 10 մլն դրամ է փոխանցել նաեւ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, որը պատկանում է 2013-2014 թվականներին Սյունիքի մարզպետ եղած Վահե Մաքսիմի Հակոբյանին՝ 100 տոկոս բաժնեմասով։ 10 մլն դրամ է փոխանցել նաեւ «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն։
Փորձեցինք պարզել թե ում է պատկանում «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն: Համացանցում «ԱՆ-ՆԱՐ» անվամբ մեկ ընկերություն կա, սակայն ընկերության մասին գրեթե տեղեկություն չկա, բացի այն, որ այն գրանցված է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, իսկ ընկերության ներկայացուցիչը Ռոման Սարիկի Հարությունյանն է, եւ ընկերությունը զբաղվում է շինարարությամբ։ Պետռեգիստրում ևս մեկ ընկերություն կա` «ԱՆՆԱՐ» ՍՊԸ անունով, որը պատկանում է Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արշավիր Խաչատրյանին: Վերջինս ներկայում, ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքի, ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ է»։
Մանրամասները՝ այստեղ։