Հնդկաստանում ձկնորսները «բացահայտել են» աղավնի-լրտես
Աղավնին` ոտքին կցված սարքերով, հայտնաբերվել է Հնդկաստանի արևելքում: Օդիշայի ափերի մոտ ձկնորսները բռնել են աղավնուն։ Հաղորդվել է, որ թռչնի թևերի վրա եղել է նաև անծանոթ լեզվով գրված տեքստ: Ոստիկանությունը կասկածում է, որ թռչունն օգտագործվել է լրտեսության համար:
«Մենք աղավնուն բոլոր նյութերով կներկայացնենք կիբերանվտանգության փորձագետին՝ ճշմարտությունը պարզելու համար»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է ոստիկանության ներկայացուցիչ Նիմայ Չարան Սեթին։
Ոստիկանության տեսուչ Ռահուլն ասել է, որ իրենք նաև «օգնություն կխնդրեն պետական դատաբժշկական լաբորատորիայից՝ հետազոտելու նրա ոտքերին ամրացված սարքերը»:
«Փորձագետների օգնությունը նույնպես կպահանջվի՝ պարզելու համար, թե ինչ է գրված (թռչնի թևերի վրա)»,- հավելել է նա։
Թռչնին բռնած ձկնորսներից մեկի խոսքով՝ աղավնուն հայտնաբերել են մոտ տասը օր առաջ, երբ նավը խարսխված է եղել Օդիշայի ափից մոտ 35 կիլոմետր հեռավորության վրա։
«Հանկարծ ես նկատեցի, որ թռչնի ոտքերին ինչ-որ գործիքներ են ամրացրել: Ես նաև հայտնաբերեցի, որ նրա թևերի վրա ինչ-որ բան է գրված: Ես դա չհասկացա, քանի որ դա Օդիա (Օդիշայում տարածված լեզու) չէր», – ասել է ձկնորսը: