Ռուսաստանը «հատուցման հարված» է հասցրել Ուկրաինայի թիրախներին. Կոնաշենկով
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական կողմը, ի պատասխան վերջերս Բրյանսկի մարզում ահաբեկչական հարձակումների, զանգվածային «հատուցման հարված» է հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող թիրախներին:
Կոնաշենկովը պնդել է, որ մարտի 2-ին Բրյանսկ դիվերսիոն խմբի ներխուժումը, ինչի հետևանքով Ռուսաստանի քաղաքացիներ են զոհվել, հենց ուկրաինական իշխանությունների ձեռքի գործն էր:
«Կինժալ հիպերձայնային հրթիռային համակարգը հարվածել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի առանցքային օբյեկտներին, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև դրանց գործունեությունն ապահովող էներգետիկ օբյեկտներին»,- ասել է պաշտոնյան։
Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է ռուսական հրթիռային հարվածներին, տեղեկացրել՝ որ Ուկրաինայի ուղղությամբ 81 հրթիռ է արձակվել: Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով տուժել են ենթակառուցվածքային կարևոր օբյեկտներ, բնակելի շենքեր երկրի ամբողջ տարածքում, խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր և վիրավորներ, շատ քաղաքներ մնացել են առանց էլեկտրականության: