Կոսովոյում հայտարարել են, որ հանրապետության վերաբերյալ ԵՄ ծրագիրը դե ֆակտո ճանաչում է երկրամասի անկախությունը
«Կոսովոյի և Սերբիայի հարաբերությունների կարգավորման ուղու մասին համաձայնագիրը», որը նախապատրաստվել է ԵՄ-ի կողմից, փաստացի ճանաչում է երկրամասի անկախությունը: Նման հայտարարություն է արել չճանաչված Կոսովոյի խորհրդարանի խոսնակ Գլաուկ Կոնյուֆցան։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Դե ֆակտո ճանաչումն այն է, երբ մեկ այլ պետություն համաձայնում է, որ դուք բացարձակ անկախ երկիր եք, որ այն պարտավորվում է չմիջամտել ներքին գործերին, որ այն ոչ մի տեղ չի միջամտում միջազգային ասպարեզին (վերաբերող հարցերին), որ այն առանց որևէ ծանոթագրության ճանաչում Է բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ անձնագրերը, մաքսատունը, ապրանքները, այն ամենն, ինչ արտադրում է Կոսովոն իր պատկերանշանով: Դե յուրե ճանաչումն այն է, երբ պետությունները ճանաչվում են իրավաբանորեն և ինքնուրույն որոշում են կայացնում՝ բացել արդյոք դեսպանատներ», - այսօր խորհրդարանի խոսնակի խոսքն է մեջբերում Kosovo Online հարթակը:
Կոնյուֆցան նաև հավելել է, որ եվրոպական առաջարկը պարունակում է հենց դե ֆակտո ճանաչում։ Ինչպես ասվում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից ավելի վաղ հրապարակված «Կոսովոյի և Սերբիայի հարաբերությունների կարգավորման ուղու մասին համաձայնագրի» տեքստում, ծրագրով նախատեսվում է փոխադարձ ճանաչել անձնագրերը, Սերբիան պետք է հրաժարվի Կոսովոն համաշխարհային ասպարեզում ներկայացնելուց, կողմերը պետք է դիվանագիտական ներկայացուցչություններ բացեն, ինչպես նաև պետք է իրավական պարտավորություններ ստանձնեն՝ աշխատելու «հարաբերությունների համապարփակ կարգավորման» ուղղությամբ։
Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Գաբրիել Էսկոբարը հայտարարել էր, որ Բելգրադի և Պրիշտինայի միջև բանակցությունների վերջնական կետը պետք է լինի փոխադարձ ճանաչումը: Ի պատասխան՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել էր, որ ամերիկացիները կարող են, երազելե: