Քննարկվել են միջազգային հարթակներում Հայաստանի և Օմանի հնարավոր փոխգործակցության հարցեր
Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մարտի 8-ին Կահիրեում հանդիպել է Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսսա Ալ-Հարսիի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգային հարցերի՝ շեշտելով քաղաքական երկխոսության ակտիվացման և պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների շուրջ:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը և ընդգծել, որ դրանց հակառակ՝ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում կարգավորման գործընթացին և ընդհանուր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:
Վահան Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը և կարևորել 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան միջանցքի ապաշրջափակման հրատապությունը:
Քննարկվել են նաև միջազգային այլ հարթակներում Հայաստանի և Օմանի հնարավոր փոխգործակցության հարցեր։
Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է հատկապես Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման անթույլատրելիությունը՝ շեշտելով, որ դա չի համապատասխանում Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունների տրամաբանությանը։