Աշխարհում COVID-19-ից մահացությունը չորս շաբաթվա ընթացքում նվազել է 65%-ով. ԱՀԿ
Փետրվարի 6-ից մինչև մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 4,5 միլիոն մարդ, մահացել է գրեթե 32 հազարը։
Մահվան դեպքերի թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ նվազել է 65%-ով, ախտահարման դեպքերի քանակը՝ 58%-ով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկագրի համաձայն՝ չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է վարակման 4 475 653 դեպք և 31 926 մահ։ 28 օրվա ընթացքում հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 1 027 596, որին հաջորդում են Ճապոնիան (539 251), Չինաստանը (454 575), Գերմանիան (379 505) և Ռուսաստանը (345 384):
Փետրվարի 6-ից մինչև մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ մահվան դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում՝ 10 856, որին հաջորդում են Ճապոնիան (3 432), Չինաստանը (2 634), Մեծ Բրիտանիան (2 103) և Բրազիլիան (1 931): Մարտի 7-ի դրությամբ ԱՀԿ-ն ստացել է հաղորդումներ համավարակի սկզբից ի վեր 759 408 703 կորոնավիրուսով վարակվածների մասին և հիվանդությունից 6 866 434 մահացածների մասին: